Գրական ծրագրերի շրջանակում 2016 թվականին մշակույթի նախարարությունը «Գրականության հրատարակում» ծրագրով նախատեսում է հրատարակել 27 գիրք, «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրով՝ 84 գիրք և 8 սկավառակ, իսկ երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար հրատարակության է պատրաստվում 24 գիրք-ձեռնարկ:
Մշակույթի նախարարության ռազմավարական քաղաքանակության կարևորագույն ուղղություններից է մշակութային կրթության ոլորտը: Այս ոլորտում շարունակվում են բազմաթիվ նպատակային ծրագրերն ու միջոցառումները, որոնցից կարևորվում են և շարունակական են լինելու երաժշտական և արվեստի դպրոցների անվճար ուսուցման ծրագիրը, երաժշտական գործիքների տրամադրման ծրագիրը, տաղանդավոր երեխաների բացահայտմանն ու զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Շարունակվում է երաժշտական գրականության հրատարակչության գործընթացը, այս տարի հրատարակվել է 1-4-դ դասարանների աշակերտների համար «Սոլֆեջո» ուսումնական ձեռնարկը և «Սոլֆեջո» աշխատանքային տետրերը, ինչպես նաև հրատարակման է պատրաստվում հայկական ժողովրդական նվագարանների ուսումնական ձեռնարկների մատենաշար (քամանչա, շվի, բլուլ, սրինգ, պարկապզուկ, պկու, զուռնա, սանթուր, դուդուկ, սազ, թառ, քանոն):
Մինչև տարեվերջ Երևանում և մարզերում նախատեսված են շուրջ 300 բազմապիսի ծրագրեր, կիրականացվեն փառատոներ, ցուցադրություններ, թատերական առաջնախաղեր, որոնց մասին տեղեկույթն ընդգրկված է «Մշակութային աշուն 2016» գրքույկում:
Այս շարքում առանձնահատուկ իրադարձություն կդառնան «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, Մանկապատանեկան ինտեգրատիվ փառատոնը, ժամանակակից հայ կերպարվեստի շտեմարանի ստեղծումը, «Ավանդական և ժամանակակից տարազ» գիրք-ալբոմի հրատարակումը, «Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնի» ստեղծումը և այլն: